Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մաքսային միության «առաջին ծաղիկները»

Մաքսային միության «առաջին ծաղիկները»
19.11.2013 | 15:14

Ապշելու, զարմանալու, տարակուսելու պատճառներ այլևս չկան: Ռուսաստանն իրականացնում է հետևողական քաղաքականություն՝ ռուսերենը ամբողջ աշխարհում, առաջին հերթին՝ իր ազդեցությունից տակավին չձերբազատված հետխորհրդային երկրներում տարածելու, նրան բարձր կարգավիճակ շնորհելու համար: Եվ եթե երեք տարի առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդականն անթաքույց հայտարարել էր Երևանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ անցկացնելու անհրաժեշտության մասին, ապա այս օրերին էլ ՌԴ պետդումայի, ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ նույնքան անթաքույց բարձրաձայնել է, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում: Դա, իհարկե, պատճառաբանվում է նրանով, որ բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և կառաջանա թարգմանության ու որակյալ թարգմանիչներ ունենալու խնդիր:

Ռուսաստանի հեռահար քաղաքականությունը միայն այսպես չի արտահայտվում, անշուշտ:

Օրեր առաջ էլ, ի պատասխան լրագրողների հարցադրումների, Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ քննարկվում է Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ և ռուսական գիմնազիա բացելու հարցը: Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը, ըստ ԿԳՆ պաշտոնյաների, քաղաքական հարց է, քանի որ այդ մասնաճյուղը սպասարկելու է ոչ միայն Հայաստանին, այլև՝ արևելյան երկրներին:

Ի՞նչ է փորձում հակադրել Հայաստանը ՌԴ-ի այսօրինակ քաղաքականությանը: Առայժմ հայտնի է միայն, որ առանձին ԱԺ պատգամավորներ են իրենց դժգոհությունն այդ առթիվ բարձրաձայնել ռուս պաշտոնյաների մոտ, ուրախացել են, որ դեռևս Հայաստանի խորհրդարանում մայրենի լեզվով ելույթներ ունենալու հնարավորություն ունեն:

Փորձենք հետահայաց նայել, թե անկախության տարիների ընթացքում ինչ քաղաքականություն է իրականացրել Հայաստանը սեփական լեզվի դերը, կշիռը, կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ: Երևանի հատուկենտ գրախանութներում այսօր հենց հատուկ «կարգավիճակ» ունեն ռուսալեզու գրականության բաժինները, բուհերում մասնագիտական գրականության ստվար մասը շարունակում է մնալ ռուսալեզու գրականությունը:

Եվ եթե անկախությունից երկու տասնամյակ անց էլ համաշխարհային գրականությանը ծանոթանում ես մեծ մասամբ ռուսերենով, տեխնիկական գրականության մեծ մասը ռուսերեն է, ի՞նչ է մնում քեզ անել այսքանից հետո: Առանց որևէ ռուս պաշտոնյայի միջամտության, հորդորների ու հայտարարությունների, ուզած-չուզած պետք է զբաղվես ռուսերենի կատարելագործմամբ, որ կյանքից հետ չմնաս:

Ի դեպ, հենց նույն թարգմանիչներ չունենալու պատճառաբանությամբ այսօր արդեն ոչ քիչ թվով սեմինարներ են անցկացվում ռուսերեն ու անգլերեն լեզուներով, և դրանք այնքան սովորական են դիտվում, որ ոչ մեկի մտքով չի էլ անցնում բողոքել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ